27 մարտի 2024 - 11:07 AMT
Բաքուն կրկին հայտարարել է, թե ՀՀ-ն նոյեմբերի 10-ից հետո ԼՂ–ին նոր արտադրված զենք է մատակարարել

Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը նոր արտադրված զինամթերք է մատակարարել Ղարաբաղ։

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերն Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020–ից հետո արտադրված ականներ», - ասված է հայտարարությունում, հայտնում է APA-ն։

Բաքուն հայկական կողմին նաև մեղադրել է շփման գծի երկայնքով մինչև 480 կմ նոր ականապատ դաշտեր, ավելի քան 500 մարտական դիրք և ամրացված կրակակետեր ստեղծելու, ինչպես նաև ռազմական ուժեր կենտրոնացնելու համար, որոնք «կարող են հարձակողական գործողություններ իրականացնել»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։