7 մայիսի 2009 - 22:59 AMT
Ընդդիմությունը Սահակաշվիլուն վերջնագիր է ներկայացրել
Երեք օրից ընդդիմությունը կվերադառնա Վրաստանի կենտրոնական մայրուղիները փակելու ծրագրին, եթե նախագահ Միխաիլ Սահակաշվիլին չցանկանա նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ազգային համաժողով» կուսակցության առաջնորդներից մեկը` Իրակլի Մելաշվիլին:

Ընդդիմության կազմակերպչական կենտրոնակայանը, որը պահանջում է Սահակաշվիլու հրաժարականը, նախագահին առաջարկում է քննարկել պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների պայմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թբիլիսիում վրացական ընդդիմության անժամկետ բողոքի գործողությունը սկսվել էր 2009 թվականի ապրիլի 9-ին: Մայիսի հինգին բողոքի մասնակիցները պատրաստվում էին մեկ ժամով փակել երկրի մնացած մասի հետ Թբիլիսին կապող բոլոր ճանապարհները: Սակայն գործողությունն անցկացնել չհաջողվեց, քանի որ այդ օրը Վրաստանի իշխանությունները հայտարարել էին ռազմական հեղաշրջման փորձի կանխման մասին: Ընդդիմության կարծիքով, խռովությունը կազմակերպվել էր Սահակաշվիլու շրջապատի կողմից` նախագահի քաղաքականության դեմ բողոքից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով: