28 մարտի 2024 - 15:00 AMT
ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինծառայության անցնելու համար։

Ծառայելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի, և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիները, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Տեղեկությունների համար կարելի է դիմել Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել (015) 57–97–74 հեռախոսահամարով։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին՝ 2024–ի օգոստոսի 1–ից։