28 մարտի 2024 - 17:47 AMT
ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս

Հայաստանից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս, հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը։

Մոտ 30 տոննա օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի Ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։

Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:

Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։