29 մարտի 2024 - 14:17 AMT
Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել, որ Արցախից բռնի տեղահանված մոտ 11,000 մարդ է արտագաղթել Հայաստանից։ Նա հավելել է, որ այլ տվյալներ էլ են շրջանառվում, որ թիվը հասնում է մինչև 15 հազարի։

«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել Ռուսաստանի հարավային հատվածներ»,- նշել է Ստեփանյանը, գրում է Aysor.am-ը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 10, 800 անձ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի։

«Սրանք պաշտոնական թվերն են, ամենացավալին այն է, այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում կրթության բնագավառի ներկայացուցիչները։ Ընդամենը 220 ուսուցիչ է, որ ՀՀ կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։

Սա, ըստ նրա, ևս կնպաստի բռնի տեղահանված արցախցիների արտագաղթին։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացվել է մինչև 2024–ի ավարտը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ վճարումները կիրականացվեն նույն կարգով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։