29 մարտի 2024 - 14:36 AMT
Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում

Ոստիկանության Նոր Նորք բաժնում կատարված առերևույթ ահաբեկչության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում մոտ 40 հասցեում։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Նշվել է նաև, որ հավելյալ տեղեկություն չի տրամադրվում։

Ըստ «Ազգային ժողովրդավարական բևեռի»՝ խուզարկել են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, մարզերում իրենց գրասենյակներն ու այլ աջակիցների տները։

Մրտի 24–ին ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ 3 անձանց ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանն այդ օրը վնասվածք ստանալու պատճառով դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Հովակիմյանը, Գևորգյանն ու Մովսիսյանը «Բևիռի» աջակիցներ են։