29 մարտի 2024 - 17:08 AMT
Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին»

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որԲրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին»։

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն բացառապես վերաբերելու է ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին»,– ասել է նա, գրում է Turan-ը։

Նա հավելել է, որ հիմնական շեշտը դրվելու է տնտեսական հարցերի վրա։

«Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Ստանոն։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

Արձագանքելով Բաքվին՝ Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ՝ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։