29 մարտի 2024 - 17:34 AMT
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա

ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, թե Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը բացասաբար կազդի Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա, կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին։ ՌԴ ԱԳՆ–ում այդպես են մեկնաբանել ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը ՀՀ և Եվրոպայի հարաբերությունների մասին։

«Հեղինակները փորձում են ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի խոստումներ տալ, ինչը կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության արտահոսքին դեպի Եվրոպա և բացասաբար կազդի ՀՀ տնտեսության և անվտանգության վրա։ Դա տեսանելի է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, և արդեն իսկ ԵՄ անդամ մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի օրինակով, որոնց բնակչությունը զանգվածաբար արտահոսում է ավելի բարեկեցիկ երկրներ՝ ցածր վարձատրվող աշխատանքի»,–ասել են ՌԴ ԱԳՆ–ում։

Ավելի վաղ Ռասմուսենի խմբի զեկույցին արձագանքել էին Բավքից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Անդերս ֆոգ Ռասմուսենին մեղադրել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» և կողմնակալ լինելու մեջ։

Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբն իր զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին։ Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։ Ռասմուսենի խմբի զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաև ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։