30 մարտի 2024 - 14:44 AMT
ՌԴ դեսպան․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News-ի եթերում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։

«Մեր դիտորդները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղակայվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է նա։

Դեսպանը հավելել է, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը ՌԴ–Հայաստան հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք գիտակցաբար փլուզում են ՌԴ հետ հարաբերությունները։

Ըստ Լավրովի, Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու միտումով։ Անդրադառնալով ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը՝ Լավրովն ասել է, որ այն համաձայնեցված չէր Ադրբեջանի հետ և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ «ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»: