1 ապրիլի 2024 - 13:13 AMT
Ֆրանսիայի դեսպան․ ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է ՀՀ-ում կայունությանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է կայունությանը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այս կիրակի, երբ նշվում է Զատիկը, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության դիտորդները պարեկում են Ադրբեջանի հետ սահմանը։ Այդ պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվություն տրամադրմանը»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ–ն սահմանագոտու տարբեր ուղղություններում ռազմատեխնիկա և զինուժ է կուտակում, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով դա։ Իր հերթին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտի 31–ին հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության գրառմանը՝ նշելով, որ հաճելի է Հայաստանում ԵՄ դիտորդներից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։