ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնապես Ադրբեջանում պահվում է 23 հայ, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ։
«Նրանց մի մասը զինվորականներ են և որակվում են որպես ռազմագերիներ, ունենք նաև քաղաքացիական գերիներ և նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներ, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ։ Այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Ըստ Սահակյանի՝ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումներ ստեղծելու, զինելու, ապօրինի խոշտանգման, և այլնի համար, և հարցը ներկայացնում է ներպետական կարգավումների կոնտեքստում։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը նշեց, որ կան նաև բռնի անհետացման ենթարկված գերիներ։
«Մենք չունենք տեղեկություն 2023թ.-ի պատերազմի հետևանքով բռնի անհետացման դեպքերի մասին, բայց մոտ 80 գործ ունենք դեռևս 44-օրյա պատերազմից, և այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն, որևէ կերպ չի ցանկանում հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը և ճշմարտության իրավունքն ապահովել ընտանիքներին»,-ասել է նա։
Սահակյանը նշել է, որ անհետ կորածների խնդիրը ևս շարունակվում է չլուծված մնալ։
Նա նաև նշել է, որ մոտ 210 գերեվարված անձ Ադրբեջանից հայրենադարձվել է։
Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։