2 ապրիլի 2024 - 18:33 AMT
«Կրոկուսում» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՔԿ՝ պահանջելով գործ հարուցել սեփականատեր Ագալարովի դեմ

Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՌԴ ՔԿ՝ պահանջելով քրեական գործ հարուցել համալիրի սեփականատեր ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովի դեմ, քանի որ շենքը պատշաճ կերպով ապահովված չի եղել հակահրդեհային անվտանգության համակարգերով։ Այդ մասին հայտնել է տուժածների շահերի պաշտպան Իգոր Տրունովը։

«Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերը Crocus International-ի նախագահ Արազ Ագալարովն է։ Նրա որդին՝ Էմին Ագալարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։ Էմինը, Crocus Group-ի առաջին փոխնախագահն էր մինչև 2023 թվականը:

Նա նշել է, որ դիմումը ներկայացվել է 11 տուժածի անունից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ օրենքի համաձայն՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտման առաջին պատասխանատուները շենքի սեփականատերերն են, քանի որ հենց սեփականատերն է հրդեհային անվտանգության ու դրա արդիականացման համար ֆինանսական ներդրումներ անելու մասին որոշում կայացնում։

Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին հասցեգրաված հայցադիմումում ասվում է, որ օբյեկտի սեփականատերերը, հնարավոր է, պատշաճ կերպով չեն զբաղվել օբյեկտի հակահրդեհային պաշտպանության ապահովմամաբ։

Փաստաթղթում նշվում է, որ «վարագույրը բռնկվել է հրդեհի հենց առաջին վայրկաններին, մինչդեռ այն պետք է պատրաստված լիներ հրակայուն նյութից՝ հատուկ բաղադրության մշակումով։

Նշվում է նաև, որ հրդեհի առաջին վայրկյաններից բռնկվել և այրվել են դահլիճի աթոռները, «մինչդեռ դրանք ևս հրակայուն նյութերից պետք է պատրաստված լինեին»։

Բացի այդ, նշվում է, որ «հակահրդեհային ջրային պատնեշը և ծխահեռացման համակարգը», որը ենթադրում է, որ արտակարգ իրավիճակի դեպքում պատուհաններն ու օդափոխման անցքերը պետք է բացվեն, «աշխատունակ վիճակում չեն եղել»։

Հղում անելով վկաների ցուցմունքներին՝ Տրունովն ասել է, որ տարհանման ելքերի մեծ մասը փակ է եղել։

Ավելի վաղ «Կրոկուսի» սեփականատիրոջ որդին՝ Էմին Ագալարովն ասել էր, թե անվտանգության բոլոր համակարգերն աշխատել են։

Մարտի 22–ին «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 մարց, ավելի քան 550–ը տուժել է։