Ապրիլի 3–ի վաղ առավոտյան Թայվանում 7․4 մագնիտուդ ուժգնությամբ երակրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների, զոհվել է 7 մարդ, ավելի քան 700–ը՝ տուժել։ Սա ամենաուժգին երկրաշարժն է վերջին 25 տարում։
Էպիկենտրոնը գտնվել է սակավ բնակեցված շրջանում, Հուալյան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Թայբեյում, գրում է BBC-ն։
Առնվազն 26 շենք է փլուզվել։ Հուալյան քաղաքում երկու բարձրահարկ շենք է մասնակի փլուզվել և թեքվել։
Երկրաշարժից հետո Թայվանի, Ճապոնիայի և Ֆիլիպինների իշխանությունները ցունամիի մասին զգուշացում էին տարածել, որը, սակայն, հետո չեղարկվեց։
Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող TSMC ընկերությունը հայտնել է, որ տարհանել է իր աշխատակիցներին հարավում մի քանի գործարաններից, սակայն, անվտանգության համակարգերն աշխատում են։ TSMC–ն չիպեր է արտադրում Apple–ի և Nvidia–ի համար։
1999–ի սեպտեմբերին Թայվանում 7․6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, փլուզվել էր 5000 շենք, զոհվել էր 2400 մարդ։