Ապրիլի 3–ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ հայ երիտասարդներից մեկը, ներկայացնելով իրավիճակը, նշում է, որ դա արվել է առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դատապարտել է կատարվածը և պատասխաններ է պահանջել Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից։
Պատրիարքարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղահանումն իրականացվել է՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականներու և տեղացի հայերի վրա:
«Երբ սպաների խմբից պահանջեցինք հայ հոգևորականներին և տեղացի հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որևէ արտոնագիր կամ դատարանի որոշում չեն ներկայացրել»,–ասվում է գրառման մեջ։
Պատրիարքարանն աշխարհի բոլոր քրիստոնյաների ուշադրությունն է հրավիրում տեղի ունեցածի վրա։
«Մենք կշարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և հրավիրում ենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ անվերջ ոտնձգությունների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա։ Իսրայելցիները պարբերաբար բռնի ներխուժման փորձեր են անում։