4 ապրիլի 2024 - 14:11 AMT
Լեմկինի ինստիտուտն ահազանգել է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգ է տարածել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունն ու տարածքային պահանջները ՀՀ–ից, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ վերջին հարձակումները։ Ինստիտուտն ամենաբարձր՝ կարմիր դրոշի նախազգուշացում է տարածել՝ նշելով, որ ցեղասպանության վտանգն այժմ տարածվում է ՀՀ տարածքի վրա։

«Ադրբեջանի տարածքային նկրտումները Տավուշի մարզում և տարածքային վեճի արդարացի կարգավորմանը հասնելու ցանկության բացակայությունը, զուգորդված ոչ հստակ սահմանագծմամբ և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի հետ, մեծ տագնապ են առաջացնում: Վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ վկայում են ՀՀ ինքնիշխանությանն ակնհայտ սպառնալիքի մասին։

Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք ընթացիկ իրադարձություններով։ Հետագա ագրեսիան կանխելու և Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար անհրաժեշտ են անհապաղ միջազգային գործողություններ։ Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և պահպանել միջազգային իրավունքը` կանխելու հերթական հումանիտար աղետը»,–ասվում է հայտարարության մեջ։

Վերջին անգամ ինստիտուտը նման ահազանգով էր հանդես եկել 2023–ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության վերաբերյալ: