8 մայիսի 2009 - 15:53 AMT
«Արեւելյան գործընկերությունը» պետք է գործի հանուն եւ ոչ թե ընդդեմ որեւէ բանի սկզբունքով
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 7-ին մեկնարկած ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի առաջին գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ օրը նշանակալից է Հայաստանի եւ ծրագրում ընդգրկված այլ պետությունների համար: «Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ»,-իր ելույթում նշել է Ս.Սարգսյանը:

«Հայաստանը մտադիր է հետեւողականորեն շարունակել Հարեւանության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը: Այս շաբաթ ես ստորագրել եմ հրամանագիր, որով հաստատել եմ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող գործողությունների ծրագիրը, որը պարունակում է շուրջ 200 միջոցառում: Հայաստանը հրավիրել եւ երախտագիտությամբ է ընդունել ԵՄ խորհդատուների խմբին, որն այսօր օգնում է մեր պետական կառավարման մարմիններին` իրականացնելու բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում»,-ասել է նախագահը:

Նա նշել է նաեւ, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության մեկնարկից ի վեր, երբ Հայաստանը ստացավ Միության արտաքին քաղաքականության հայտարարություններին միանալու հնարավորություն, մենք միացել ենք դրանց շուրջ 80 տոկոսին, ինչը ցույց է տալիս մեր մոտեցումների, տեսակետների եւ դիրքորոշումների ուղղվածության ընդհանրությունը: «Միեւնույն ժամանակ, Արեւելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրեր կնքելու, ըստ անհրաժեշտության` երրորդ պետություններ ներգրավելու, ինչպես նաեւ ներգրավվածության հարցում առկա ճկունության հնարավորություններն այն գրավիչ են դարձնում բոլորի համար: Հաջողության հասնելու համար Արեւելյան գործընկերությունն իրականացման փուլում եւս պետք է առաջ տարվի ներառական, հանուն եւ ոչ թե ընդդեմ որեւէ բանի սկզբունքով»,-ասել է նախագահը:

Նա նաեւ նշել է, որ մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արեւելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: «Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի, եւ ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ եւ անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված եւ հետեւողական աշխատանքը»,-ավարտին ասել է Սերժ Սարգսյանը: