5 ապրիլի 2024 - 11:42 AMT
Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում միջադեպով

Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» ունեցած միջադեպով։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։

Ապրիլի 3–ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատապարտել է կատարվածը և պատասխաններ է պահանջել Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից։

«Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում ունեցած միջադեպերով։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,– ասված է գրառման մեջ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղահանումն իրականացվել է՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականներու և տեղացի հայերի վրա:

Պատրիարքարանն աշխարհի բոլոր քրիստոնյաների ուշադրությունն է հրավիրել տեղի ունեցածի վրա։

Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա։ Իսրայելցիները պարբերաբար բռնի ներխուժման փորձեր են անում։