5 ապրիլի 2024 - 17:00 AMT
Երևանում 2 նոր շրջանցիկ ճանապարհ կկառուցվի, մեկը՝ Իսակով-Արշակունյաց ուղղությամբ

Երևանում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ։

Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածների զարգացմանը: Ներդրումային ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածի կառուցումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դիտարկվող նախագծերից է օդանավակայանի այլընտրանքային նոր ճանապարհահատվածների կառուցումը, որոնք էականորեն կբեռնաթափեն քաղաքի կենտրոնի երթևեկությունը:

Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կմ երկարություն և 25 մ լայնություն։ Ճանպարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։ Կկառուցվեն նաև երկկողմանի մայթեր, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորություն։ Ճանապարհի կառուցումը կարժենա մոտ 36 մլրդ դրամ, իսկ շինարարությունը կտևի մոտ 4 տարի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մենք առաջարկում ենք Թբիլիսյան խճուղին միանգամից կապել Եղվարդի խճուղուն՝ ձորի հատվածով, ինչպես նաև գետի վրայով կառուցել կամրջային հատված։ Եղվարդի խճուղում կլինի շրջանաձև երթևեկություն մեկ մակարդակով, ի տարբերություն Թբիլիսյանի, որտեղ երկմակարդակ է։ Կարծում եմ ճանապարհն էականորեն կթեթևացնի և հնարավորություն կտա մեր քաղաքացիներին շրջանցել Երևանի մուտքը»,-նշել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Երևանում փողոցների ու ճանապարհների լայնացումն այսօր գրեթե անհնար է։ Շրջանցիկ ճանապարհների կառուցումը խնդրի հիմնական լուծումն է։

Ուլնեցի –Ռուբինյանց ճանապարհն այսօր ավարտվում է կամրջային հատվածով։ Այստեղ նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում դեպի Աճառյան փողոց: Ճանապարհահատվածը կունենա 3.6 կմ երկարություն։

«Այստեղ առաջարկում ենք «Ալմաստ» գործարանի մոտից կամրջային հատվածով նախկին երկաթգծի ճանապարհով շարունակել: Այդ ճանապարհը հնարավորություն կտա շարունակել առանց Աճառյան մուտք գործելու»,-նշել է Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանի առաջարկներն այս պահին ներդրումային կոմիտեում են։ ՀՈԱԿ-ի տնօրենը հուսով է մինչև տարեվերջ ունենալ նախագծային որոշակի լուծումներ, որից հետո արդեն համայնքը ձեռնամուխ կլինի քաղաքի հյուսիսային մուտքը բեռնափաթող ճանապարհների կառուցման գործնական փուլին։