8 մայիսի 2009 - 16:29 AMT
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նոր ֆինանսական գործիքի ստեղծման համար օրենսդրական փոփոխությունների փաթեթին
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Օրենքների ընդունման նպատակը օրենսդրական այն նորմերի փոփոխությունն է, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Օրինագծերի ընդունման դեպքում առեւտրային, այդ թվում` ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավելու ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Ստորադաս փոխառությունները միջոցներ են, որոնք փոխառուին տրվում են իր աշխատանքային կապիտալի օգտագործման ժամկետն ավելի քան 10 տարովերկարացնելու նպատակով: