9 ապրիլի 2024 - 12:20 AMT
ԱԳՆ․ ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի Ադրբեջանի առաջարկներին

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա՝ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ 2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

2024–ի ապրիլի 7–ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։