8 մայիսի 2009 - 19:14 AMT
Երեւանում ավարտական դասարանների 500 աշակերտներ ազգային եւ հայրենասիրական գաղափարներին հավատարմության երդում տվեցին
Այսօր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Երդվում ենք» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն: Երթը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի հուշարձանից, որտեղ Երեւանի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների 500 աշակերտներ երդվեցին լինել հավատարիմ ազգային եւ հայրենասիրական գաղափարներին եւ ակտիվորեն մասնակցել դրանց կյանքի կոչմանը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ծաղկեպսակ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին:

«Երդվում ենք» խորագրով միավորված միջոցառումներն անցկացվում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից Երեւանում եւ Հայաստանի մարզերում 2009-ի ապրիլ-մայիս ամիսներին: Անցկացվող միջոցառումների նպատակներից մեկն է երիտասարդ սերնդի մոտ հայրենասիրության զգացմունքի դաստիարակությունը: