16 ապրիլի 2024 - 13:43 AMT
Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե

Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Կոմիտեն կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Ազգային կոմիտեի նախագահը եռամսյա պարբերականությամբ վարչապետին է ներկայացնելու տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012 թվականից։ 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվել է Երևանում։