16 ապրիլի 2024 - 17:04 AMT
Positive Peace Report-ի երկրների վարկանիշում ՀՀ-ն Եվրասիայում 2-րդ հորիզոնականում է

Պոզիտիվ խաղաղության զեկույցի (PPR) համաձայն՝ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը։ Համապատասխան զեկույցը հրապարակել է «Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) միջազգային վերլուծական կենտրոնը: Հայաստանի PPR ցուցանիշը 2013–ից ի վեր բարելավվել է 9․2 տոկոսով, արդյունքում Եվրասիայի տարածաշրջանում մեր երկիրը զբաղեցրել է 2-րդ տեղը։

Զեկույցում նշվում է, որ վերջին տասնամյակում ՀՀ-ում Պոզիտիվ խաղաղության բոլոր ոլորտները բարելավվել են, հայտնում է Factor.am-ը։

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցվել, քանի որ երկրում վերջերս ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և ընդունվել են նոր օրենքներ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակի բարեփոխման համար։ Այս նախաձեռնությունները նպաստում են 2013-2022 թվականներին կոռուպցիայի նկատմամբ 14․9%-ով վերահսկողության բարելավմանը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը հանգեցրել է նրան, որ հայերի 80 տոկոսը լքել է տարածաշրջանը: Այս հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի Հայաստանի համար և կարող է դժվարացնել դրական խաղաղության բարելավման ներկայիս մակարդակի պահպանումը»,- ասված է զեկույցում։

Դրանում նաև նշվում է, որ ամենամեծ բարելավումը գրանցվել է տեղեկատվության հասանելիության ոլորտում, որի արդյունքում Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ինդեքսը բարելավվել է 35․4 տոկոսով 2013 թվականից ի վեր:

«Freedom House-ը հայտնել է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մամուլի ազատության նկատմամբ էական սահմանափակումներ չեն եղել, և որ անկախ լրատվամիջոցները ներկայացնում են երկրում առկա տեսակետների բազմազանությունը։