16 ապրիլի 2024 - 18:59 AMT
Հունաստանում վառվել է Օլիմպիադայի կրակը

Հունաստանում վառվել է 2024 թվականի ամռանը Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կրակը։ Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնյաներ։

Գերագույն քրմուհու դերում անտիկ հանդերձանքով հանդես է եկել դերասանուհի Մերի Մինան։ Եղանակային պայմանների պատճառով նրան չհաջողվեց օլիմպիական կրակը վառել արևի ճառագայթներից՝ պարաբոլիկ հայելու օգնությամբ, այդ պատճառով ջահը վառվեց արարողության գլխավոր փորձի ժամանակ վառված կրակից, գրում է ՏԱՍՍ–ը։

Դրան հաջորդել է թատերականացված բեմադրությունը անտիկ ժամանակների մարզադաշտում, որտեղ ժամանակին Օլիմպիական խաղերի բազում մրցումներ են անցել։

Օլիմպիական կրակը նախ անցնելու է Հունաստանի տարածքով, իսկ մայիսի 8-ին կհասնի Մարսել։

Photo. dpa / Global Look Press