«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» ապրիլի 16–ին հիվանդանոցում կատարված քննչական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը։
«Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ցանկանում ենք հայտնել հետևյալը. «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի:
Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է:
Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը»,–ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 16–ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում։