17 ապրիլի 2024 - 12:30 AMT
Ադրբեջանցիները քանդել են Շուշիի սբ Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը

Ադրբեջանական որոշ Տելեգրամ ալիքներ ապրիլի 15-ին տարածել են Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները, հայտնում է monumentwatch.org կայքը։

Ըստ կայքի՝ լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը:

Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ: Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ:

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի): Շուշիի ազատագրումից հետո ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվեց 1998 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու թիրախում էր. հրթիռակոծվել է, վնասվել են եկեղեցու գմբեթը, խաչաթևերի տանիքները: Եկեղեցու աղոթասրահն ամբողջությամբ լցվել էր շինարարական թափվածքով: Այսօր, ադրբեջանական կողմին անցնելուց հետո այդ թափվածքը մաքրվել է: