17 ապրիլի 2024 - 13:14 AMT
Փաշինյանն այցելել է Ոսկեպար․ Հանդիպման մասնակիցների մուտքը սահմանափակվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ոսկեպար։ Նրա հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։ Բազմաթիվ ոսկեպարցիների թույլ չեն տալիս մասնակցել հանդիպմանը, իսկ մասնակցելու թույլտվություն ստացածների մոտից էլ հավաքում են հեռախոսները, հայտնում է «Փաստինֆոն»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ևս թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը, սահմանափակվել է նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի մուտքը՝ դահլիճ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։

Ավելի ուշ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար, հանդիպել բնակիչների հետ։ Հաղորդագրությանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել հանդիպումից։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։