17 ապրիլի 2024 - 15:31 AMT
Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել

Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։

«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության։ Գործընթացն արդեն սկսվել է։

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Ավելի վաղ լուրը հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը;

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։

Photo. AFP