17 ապրիլի 2024 - 17:54 AMT
Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հրավիրված ասուլիսին ասել է, որ Վահան Քերոբյանի վերաբերյալ քրեական վարույթով քննությունը ոչ պատշաճ ջանասիրությամբ է իրականացվում։

«Գործով կա ընդամենը ութ մեղադրյալ, որոնց մի մասը մասնավոր սեկտորից է, մի մասը՝ նախարարությունից։ Գործն այն մասին է, որ ենթադրաբար, ըստ պաշտոնական վարկածի, տեղի է ունեցել մրցույթ, որին մասնակցող կազմակերպություններից մեկի նկատմամբ իրականացվել է կողմնակալ վերաբերմունքի հետևանքով գործողություններ, որ ապահովեն նրա հաղթանակը՝ մրցույթում։ Այս ենթադրությունների հիման վրա էլ քննվում է այս ամբողջ գործը»,- նշել է Եգորյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ գրեթե 12 ամիսների ընթացքում հավաքվել են գրեթե բոլոր ապացույցները, որոնք հնարավոր էր օրենսդրությամբ, այդ թվում՝ ՕՀՄ-ներով։ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում

Ըստ փաստաբանի՝ վարույթ իրականացնող մարմինը գործը ոչ պատշաճ ջանադրությամբ է կատարում, իսկ Քերոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն օրենքով և կոնվենցիայով ոչ համաչափ են, Քերոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն օրենքով բոլոր հնարավորինն են, այսինքն՝ սահմանափակված են բոլոր հնարավոր անձանց հետ շփումները, բացի մերձավոր ազգականներից և պաշտպանից։ Եգորյանի խոսքով՝ նախաքննական մարմինը գործը ձգձգում է, թեև կարող էին երկու ամսում ավարտել։

«Պարոն Քերոբյանը համբերատար 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում՝ առանց ավելորդ աղմուկների, առանց ավելորդ նյարդային դրսևորումների, որպեսզի օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամանակահատվածում գործը ավարտեն, բայց ոչ պատշաճ ջանադրությամբ է իրականցվում, փոխարենն ամփոփեն ամբողջ արդյունքների հավաքագրումը, նորից ու նորից նյութերն են ուսումնասիրում, որոնք արդեն իսկ արձանագրված են»,-ասել է նա։

Եգորյանը նշել է, որ կալանքի ժամկետի երկարաձգելու հիմնավորումները երկուսն էին.

«Որ նախաքննական մարմինը էլի մի ահագին գրասենյակային աշխատանք կատարի։ Ի սեր Աստծո, կատարեք ձեր գրասենյակում այդ աշխատանքը, ի՞նչ կապ ունի մարդկանց ազատության մեջ գտնվելը ձեր գրասենյակում աշխատանքը կատարելու հետ և որ մի քանի վկաներ հարցաքննվեն։ Ի՞նչն էր խնդիրը, որ այդ վկաները նախորդ 2․5 ամսում չեն հարցաքննվել։ Նրանց թիվը խիստ սահմանափակ է։ Հիմնական հարցաքննություններն արված են, ինչն է խնդիրը, որ դա չի արվել ժամանակին, և ի՞նչ կլինի, եթե Քերոբյանը ազատության մեջ մնա»,-ասել է նա։

Փետրվարի 14-ին Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են: Քննչական կոմիտեն նշել է, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։