17 ապրիլի 2024 - 18:34 AMT
ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։ Այդ մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Դրանք հանրայնացնելու, այդ ամենի վրա միջազգային ուշադրություն հրավիրելու քայլեր ևս իրականացվում են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են մշտադիտարկման և մոնիթորինգի աշխատանքներ։ Միջազգային բոլոր հարթակներն օգտագործում են վանդալիզմի դեպքերն արձանագրելու և դրանք ուշադրության կենտրոնում պահելու նպատակով»,- հայտնել է նա, գրում է Արմենպրեսը։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում, ինտենսիվորեն փաստագրվում և արձանագրվում են Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումները, տեսանելի և ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան կառույցներին, կազմվում են արձանագրություններ, որոնց հիման վրա հնարավոր է որոշ գործընթացներ կազմակերպել։

«Այս փուլում մշտադիտարկումները կարևոր են՝ արձանագրելու ամենօրյա փոփոխությունները, հատկապես հուշարձաններին հասցվող վնասների տեսանկյունից»,- շեշտել է Հարությունյանը:

Ադրբեջանական որոշ Տելեգրամ-ալիքներ ապրիլի 15-ին տարածել են Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները, հայտնում է monumentwatch.org կայքը։ Ըստ կայքի՝ լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը: