18 ապրիլի 2024 - 12:02 AMT
Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարություններին, նշել է, որ դրա արդյունքում Սյունիքը հայտնվում է լիարժեք թուրքական աքցանի մեջ։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր էջում։

«Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում:

▪️Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից:

▪️ Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:

Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։

Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։