18 ապրիլի 2024 - 13:00 AMT
Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարություններին, հիշեցրել է, որ մեզ համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա` sպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեկնարկել է ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էին մեզ համոզում, որ, եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը դուրս գա Լեռնային Ղարաբաղի տարածքից, ապա սկանդինավյան խաղաղապահները կգան և Արցախի ժողովուրդը նրանց երաշխավորած անվտանգությամբ ապահով կապրի:

Հիմա այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ և ապրի անվտանգության այդ երաշխիքներով: Եթե այն մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ բարձրաձայնում էին ռուս խաղապահների պարտադիր դուրս բերման և սկանդինավյան խաղապահների փրկչական առաքելության մասին, հիմա անձամբ դուրս չգան և այդ հարցով չզբաղվեն, ուրեմն ստիպված եմ լինելու անուններով դիմել նրանց: Ավելի լավ է, ինքներդ նախաձեռնեք ու կյանքի կոչեք ձեր խոստումները»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։

Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։