Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ ապրիլի 18–ին Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային նշանակության հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
Զրուցակիցները կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները՝ ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ՝ ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները: