19 ապրիլի 2024 - 14:25 AMT
ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» «ֆիասկո է ապրել»։ Ընդգծվում էր, որ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսվել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։

«Նման բան չկա։ Եթե ունեք բժշկական հաստատության անուն, տվեք խնդրեմ»,– ասել է ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության 2023 թվական դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն 2024–ի հունվարի 1-ից փորձարարական եղանակով 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող թվով 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ը՝ «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327», համաձայն ՀՀ կառավարության որոշման, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ «Արմեդ» հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։

«Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառուներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,–ասել է նա։

Sputnik Արմենիայի տեղեկություններով էլ որոշ հիվանդանոցներ օգտվելով նախարարության շրջաբերականից, բուժառուներին հայտնել են, որ պետպատվերը վերջացել է։

Պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում։