19 ապրիլի 2024 - 16:03 AMT
Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում

Ապօրինաբար ադրբեջանցիների կողմից կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Հատկանշական է, որ հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը։

Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

1.Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։

2.Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

3.Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

4.Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

5․COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։