20 ապրիլի 2024 - 10:59 AMT
Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատումը Տավուիշից սկսելու որոշման մասին, ասել է, որ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ՝ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին։

«Կա մի փոքր հատված Կիրանցի մասում, մի քանի 100 մետր, որը ռելիեֆային առումով հեշտ հատված է և մեր մասնագետները մի քանի ամսում էդ հատվածի հարցը կլուծեն»,–ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նա հավելել է, որ բացի այդ այնտեղ ունենք ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որը կվերանորոգվի կամ գուցե կվերակառուցվի, դա Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհն է։

«Ոսկեպարի ճանապարհը ևս խնդիր չի ունենա և ըստ էության բոլոր այն մտահոգությունները, որոնք ոսկեպարցիները բարձրացրել էին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իշխանությունները, վարչապետն ականջալուր են եղել և դելիմիտացիայի հարցերի քննարկման արդյունքում էդ հատվածի դելիմիտացման հարցն առայժմ օրակարգում չէ»,- ասել է Հարությունյանը։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։