22 ապրիլի 2024 - 13:55 AMT
Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցել-չմասնակցելը երկրի ինքնիշխան որոշումն է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ ՀԱՊԿ 2024թ․ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու հարցը իր երկրի ինքնիշխան որոշումն է։

«ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշում է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել, հուսով եմ՝ դեպի լավը»,- հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում։ Նա մատնանշել է, թե ՀԱՊԿ պատասխանատավության գոտու մասին խոսելուց առաջ, պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը»։ Լավրովը նաև ասել է, որ այն հայտարարությունները, թե հայերը հեռացան Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների անգործության պատճառով, «սխալ են»։