Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ Դինա Տիտուսի գլխավորությամբ նախատեսում են առաջին անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել, գրում է ադրբեջանական Turan-ը Կոնգրեսում իր աղբյուրներին հղումով։
Օրինագծում անդրադարձ կա արցախյան պատերազմին, խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին, ինչը «հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և արդար ու կայուն խաղաղաության շուրջ բանակցելու կարողությունը»։
Նշվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումները՝ որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների հետ կապված «լուրջ մտահոգություն»:
Այս օրինագծով պատժամիջոցներ են նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների և այլ պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։