23 ապրիլի 2024 - 12:03 AMT
Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում, որին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, հայտարարել է, որ մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից:

Ըստ նրա, Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա:

Այս համաժողովի թեմաները հրատապ են: Մենք հայտնվել ենք տեխնոլոգիական հեղափոխության նոր դարաշրջանում՝ ապշեցուցիչ և միաժամանակ վտանգավոր, որն արտահայտվում է բեկումնային առաջընթացներով և սոցիալ-քաղաքական կյանքի համար սպառնալիքներով: Սոցիալական մեդիայի նշանակությունը չի կարելի թերագնահատել, քանի որ արհեստական բանականության օգնությամբ ապատեղեկատվության արագացված տարածումը կարող է սրել լարվածությունը հասարակությունների ներսում և մարդկանց միջև՝ հրահրելով հակամարտություններ և վտանգ ներկայացնելով ժողովրդավարությանը, քաղաքացիական ազատություններին և անվտանգությանը: Այս համատեքստում հակամարտությունից տուժած տարածաշրջանները գնալով ավելի խոցելի են դառնում:

Հետևաբար, այս մարտահրավերները հաղթահարելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելը հրամայական է:

Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների: Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրև ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու և սեփական ագրեսիան արդարացնելու համար:

Մեր արևելյան հարևանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից:

Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:

Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, և քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները»,–ասել է Սիմոնյանը։

Նա հայտնել է, որ, ի պատասխան վերջին իրադարձություններին, Հայաստանի կառավարությունն արգելել է ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:

«Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ և մերժում է պատերազմի ցանկացած դրսևորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:

Մենք հակամարտությունների կարգավորման համար փնտրում ենք խաղաղ լուծումներ և պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները՝ համոզված լինելով, որ դրանք զարգացման հիմնաքարերն են: Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների և բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը»,–ասել է ԱԺ նախագահը։

Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի, Մալթայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Կանադայի, Անդորրայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի եւ այլ խորհրդարանների ղեկավարների հետ: Քննարկվել են Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:Ալեն Սիմոնյանը կարճ հանդիպում է ունեցել նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ: