23 ապրիլի 2024 - 17:03 AMT
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Ադրբեջանի հետ սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև առաջին սահմանային սյան լուսանկարն է հրապարակել։

«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը», - գրել է նա։

Կառավարությունն իր հերթին հայտնել է, որ ապրիլի 23-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

«Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին: