25 ապրիլի 2024 - 11:59 AMT
Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա

«Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ ապրիլի 24–ին երևանյան երթի ժամանակ «ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել»՝ նրանց բերման ենթարկելով։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մկրտչյանը հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ակցիայի 96 մասնակից է տարվել ոստիկանություն՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, տեղեկացնում է «Ազատությունը»։

Մկրտչյանն ասել է, որ բերման են ենթարկել նաև խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, հայտնում է «Ազատությունը»։

ՆԳՆ-ից, սակայն, չեն արձագանքել Բևեռի՝ իրենց բռնության ենթարկելու մասին հայտարարություններին։

Ապրիլի 24–ին Ազատության հրապարակում ԱԺԲ-ի հրավիրած հանրահավաքը վարչապետի հեռացման կոչով էր։ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամների մասնակցությամբ միջադեպ էր եղել Ծիծեռնակաբերդում։ Բևեռի մի շարք անդամներ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել։