25 ապրիլի 2024 - 13:34 AMT
Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները

Քաղաքացիները, հաջակցություն տավուշցիների, փակել են Երևան–Գյումրի ճանապարհը, որն այլընտրանքային Հայաստան–Վրաստան մայրուղին է։

Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք», հայտնում է Sputnik Արմենիան։

Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Այսօր էլ փակել ենք Երևան–Գյումրի ճանապարհը և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում երկրում տիրող իրավիճակի, իշխանությունների դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների մասով։ Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի քույրերին և եղբայրներին»,– լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Մելքոնյանը։

Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում։

Քաղաքացիների կողքին են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում զիջումների դեմ պայքարող բնակիչներին։

Փակվել է նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում։ Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Հայաստան-Վրաստան միջպետական մյուս ճանապարհն արդեն 7-րդ օրն է շարունակում է փակ մնալ Տավուշի մարզի Կիրանց–Ոսկեպար հատվածում։