26 ապրիլի 2024 - 11:49 AMT
ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Ղազախստանի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես, հայտնում է Factor.am-ը։

«Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- նշել է խոսնակը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնություն է տվել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: