27 ապրիլի 2024 - 12:58 AMT
Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր են քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Աբրահամյանը։

«Դեսպանի հետ զրույցում մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:

Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու»,–ասվում է գրառման մեջ։

Դեսպանն իր հերթին անդրադարձել է ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: