27 ապրիլի 2024 - 13:47 AMT
Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն հայտարարությանը, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նա նշել է, որ մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին։

«Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ:

Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում, գովերգում և խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին:

Ու սա այն դեպքում, որ եթե 2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր, ապա այսօր մարդիկ բառիս բուն իմաստով, իրենց ընտանիքների ու տան պաշտպանության դիրքերում են:

Մի հանգամանք էլ` երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին: Իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ և իրազեկել, որ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան։