Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից: Վարդապետյանն այդ մասին ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը, հայտնում է Արմենպրեսը։
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից և փոխկապակցված անձնացից բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր, ավանդներ։
«2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 25 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար»,–ասել է գլխավոր դատախազը: