30 ապրիլի 2024 - 14:25 AMT
Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը, որը ժամանել է Հայաստան, X-ի իր միկրոբլոգում իր այցը կարևոր է անվանել ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո։

«Կարևոր այց Հայաստան՝ ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո։ Անհամբեր հանդիպումների եմ սպասում մի շարք պաշտոնյաների հետ՝ քննարկելու Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ գործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները Կայունության և աճի մեր նոր ծրագրի շրջանակում»,- ասվում է գրառման մեջ։

Գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գործադիր մարմնի այլ և Ազգային ժողովի անդամներին։

Խերտ Յան Կուպմանի տարածաշրջանային այցը կտևի մինչև մայիսի 4-ը՝ նա կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։