ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովում, դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ասել է, թե «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այդ հեռուստաընկերությունը, ի՞նչ պիտի եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս, ինչի՞ մասին է առհասարակ։
Հակոբյանը նշել է, որ ժամանակին այդ ալիքը կոչվում էր հոգևոր մշակութային ալիք, սակայն նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ալիքը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ, հայտնում է «Փաստինֆոն»։
«Այսինքն, այն իր ուղղվածությամբ՝ հոգևոր չի։ Մենք մեկ անգամ ընդամենը պաշտոնական նամակ գրեցինք խորհրդի ղեկավարին, և ի պատասխան ստացաք սղագրությունները հաղորդումների։ Այսինքն, և կրթական, և մշակութային բաղադրիչը մեծ տեղ ունեն, բայց ամենակարևոր բաղադրիչը իհարկե եկեղեցական բաղադրիչն է։
Մենք գտնում ենք, որ դա պետք է նվազեցվի և պետք է ավելի շատ լինեն այն հաղորդումները, ինչի համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետութունից, դրանք կրթական գիտական, մշակությաին հաղորդումներն են։ Ամեն դեպքում, մենք էլ ենք գտնում, որ օրենքի հետ որոշ անհամապատասխանություններ կան»,-ասել է Հակոբյանը։
Ալեքսանյանը արձագանքել է, որ սա նշանակում է, որ հանրային հեռուստաընկերություն է, որը ֆինանսավորվում է պետության, հարկատուների կողմից, և փաստացի պետք է կատարի որոշակի գործունեություն, բայց հանդես է գալիս որպես հոգևոր ալիք։ Իհարկե, հոգևորը վատ չի, բայց ՀՀ հարկատուների հարկերն էլ պետության փողերն են, ֆինասավորում է ու խնդիր ունի նրա հետ՝ թե ինչ պետք է լուսաբանվի ու ինչ է լուսաբանվում»։
Հակոբյանը տեղեկացրել է, որ Մայր Աթոռն էլ ֆինանսավորում ունի։
«Բավական մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում։ Այդ հեռուստաընկերությունն անգամ այլ շենքում է տեղակայված և որոշակի ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»,–ասել է նա։