3 մայիսի 2024 - 12:12 AMT
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Կիրանցի հատվածում գյուղացիները հեռացրել են վրանները՝ բացելով ճանապարհը: Այդ մասին ասել է Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հերքել է լուրերը, թե վրանները հեռացրել են ոստիկանական ուժի կիրառման հետևանքով։ Վարչական ղեկավարի խոսքով, սակայն, ոստիկանների կողմից փակ են մնում Կիրանցի մուտքերը՝ Սարիգյուղի և Ոսկեպարի հատվածներից։

«Վրանների մնալը, երևի, արդեն իմաստ էլ չուներ։ Դե, ինչ անենք, ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած։ Անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին, ուրիշ մարդու թույլ չեն տալիս գյուղ մտնել»,- մանրամասնել է նա։

Մայիսի 2–ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով, սակայն ՆԳՆ–ն հերքել է նրանց ծեծի ենթարկելու տարածվող լուրը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը, թույլ չեն տալիս գյուղ մտնել, նույնիսկ Բագրատ Սրբազանին։