11 մայիսի 2009 - 21:28 AMT
Ռուբեն Հայրապետյան. Ես պարտավոր եմ օգնել բոլոր հայկական ֆուտբոլային ակումբներին
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է իր հասցեին «Արարատի» ղեկավարության մեղադրանքներն այն մասին, որ ինքը չի կատարել եվրոգավաթային հանդիպումների ժամանակ հայկական ակումբներին օգնելու մասին իր խոստումը եւ թույլ չտվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանին եւ հարձակվող Ալեքսանդր Պետրոսյանին Արարատի պաշտոնական հավաքական առաջադրել: Հայրապետյանի խոսքով, ինքն այժմ էլ պատրաստ է օգնել բոլոր հայկական ակումբներին, բայց չխախտելով օրենքը:

«Ես պարտավոր եմ` որպես ՀՖՖ նախագահ, օգնել բոլոր հայկական ֆուտբոլային ակումբներին, բայց դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ խախտել օրենքը: Ինչ վերաբերում է հայտերին, ապա անցյալ տարի մենք առաջնության ընթացքում մասնակցության համար առաջադրեցինք այս կամ այն մարզիկներին, բայց այս տարի առաջնությունից առաջ հավաք եղավ, որի ժամանակ բոլոր ակումբները միաձայն խնդրեցին չնշանակված ժամանակ չընդունել ֆուտբոլիստների հայտերը, եւ ես նրանց խոստացա, որ նման բան այլեւս չի լինի: Ճիշտ չէ, երբ ֆուտբոլիստը մեկ ամիս հանդես է գալիս մի, հաջորդ ամիս` մյուս ակումբից: Դրա համար գոյություն ունի տրանսֆերային պատուհան: Բացի դրանից վերջերս մեզ մոտ ժամանեցին ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները եւ հստակ բացատրեցին, թե ինչպես պետք է կատարվեն տրանսֆերները: Այս տարվանից սկսած ֆուտբոլիսիտ անցումը մի ակումբից մյուսը պետք է տեղի ունենա միայն բաց տրանսֆերային պատուհանի ժամանակ, եւ անգամ առաջնության ներսում տրանսֆերները, ի տարբերություն անցյալ տարիների, իրականացվելու են ՖԻՖԱ-ի միջոցով»,- նշել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նաեւ նշել է, որ «Արարատ» ՖԱ նախագահ Հրաչ Կապրիելյանը անաչառ չէ ֆուտբոլային հարցերում եւ այդպիսի ֆուտբոլային քաղաքականությամբ նրանք միայն արգելակում են Հայաստանում ֆուտբոլի զարգացումը:

«Արարատն» իր բոլոր անհաջողությունները կապում է ՀՖՖ-ի հետ: Իսկ վերջին 10 տարիների ընթացքում ի՞նչ է արել «Արարատը» Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար: Ոչի'նչ: Տեսե'ք, թե որքան օգուտ են բերել հայկական ֆուտբոլին «Միկան», «Բանանցը», «Ուլիսը» եւ «Փյունիկը»: Իսկ «Արարատը» անգամ մանկապատանեկան մարզադպրոց չունի: Արարատցիները մարզանքի են դուրս գալիս տարբեր հայտնի ակումբների մարզաշապիկներով, իսկ կողքից նայողին թվում է, որ այդ տարբեր թիմերի երկրպագուներն են հավաքվել եւ ֆուտբոլ խաղում: Ամբողջ խնդիրը կայանում է հենց այդպիսի Կապրիելյանների եւ Անդրեասյանների մեջ, որոնք փորձում են շանտաժի ճանապարհով ինչ-որ բանի հասնել: «Արարատը» մեր ամենատիտղոսավոր ակումբն է: Իսկ այդ ակումբի այսօրվա ղեկավարությունը փորձում է օգտագործել ակումբի «անունը» ինչ-որ սեփական, անհասկանալի նպատակների համար: Նրանք չունեն ո'չ հաղթանակի ձգտում, ո'չ ամոթ: Նրանք դատարկ խոստումներ են տալիս եւ վերջ»:

Հայրապետյանը նաեւ նշել է, որ ինքը, չնայած «Արարատի» ղեկավարության նման բերաբերմունքին ՀՖՖ հանդեպ, պատրաստ է նրանց ընդառաջ գնալ:

«Բայց ես, միեւնույն է, այժմ էլ պատրաստ եմ ընդառաջ գնալ Կապրիելյանին եւ Անդրեասյանին: Եթե նրանք ցանկանում են առանձին մրցավարական կորպուս, ապա ես նրանց առաջարկում եմ սեփական հաշվին աշխարհի ցանկացած կետից մրցավարներ բերել: Ես թույլ կտամ սպասրկել «Արարատի» մասնակցությամբ հանդիպումները: Բայց ես առաջարկում եմ ընդմիշտ մոռանալ Անդրեասյանին: Մենք անգամ չգիտենք, թե ով է մարզում այդ ակումբը: Հենց որ նրանք հաջողության են հասնում, ուրեմն նրանց Անդրեասյանն է մարզում, իսկ երբ ոչ` չգիտենք: Այդպես էլ գրեք` «Արարատը» մարզում է անհայտ անձնավորություն: Որքան շատ ենք մենք խոսում Անդրեասյանի մասին, այնքան շատ է նա հերոսի կարգավիճակ ստանում ժողովրդի աչքերում: Ախր նա հիվանդ մարդ է: Եթե չլինի ՀՖՖ նախագահը, չլինի ՀՖՖ-ն, ապա ես վստահեցնում եմ, որ «Արարատի» ղեկավարությունը կպայքարի ինքն իր դեմ»,- ամփոփել է Հայրապետյանը: